06/05/2026
🚀Հարկային համակարգի բարելավումը շարունակվում է՝ նոր, ավելի պարզ, հասկանալի և արդյունավետ լուծումների կիրառմամբ։
Հաշվի առնելով 2025 թվականի ընթացքում հարկ վճարողների և հարկային մարմնի միջև առաջացած գործնական խնդիրները՝ ՊԵԿ֊ը նախաձեռնել է ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններ, որոնք ներկայացրվել են Ազգային ժողովի լիագումար նիստում:
💬Ի՞նչ է փոխվում
▪️Ապրանքների վերադարձի դեպքում սահմանվում է գործարքների ճշգրտման հնարավորություն՝ առանց հետվաճառք ձևակերպելու։
▪️ՀԴՄ կտրոնով կատարված գնումների վերադարձի դեպքում՝ ԱԱՀ-ի ճշգրտումները կարտացոլվեն վերադարձի ամսվա հարկային հաշվարկներում, այլ ոչ թե վաճառքի ամսվա հարկային հաշվարկներում։
▪️Վերանայվում է շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված անավարտ (կիսակառույց) շենքերի օտարման դեպքում ԱԱՀ-ի և շահութահարկի գծով հարկման բազաների որոշման կանոնը։
▪️Հնարավորություն է տրվում 2022–2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող հաշվառվելու հայտարարություն չներկայացրած տնտեսվարողներին մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել համապատասխան հայտարարությունը, և այդ տարիների համար հաշվառվել որպես ԱԱՀ վճարող։
▪️Հստակեցվում է ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման շրջանակը՝ այն տարածելով նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակում մատուցվող ուսուցման ծառայությունների վրա։
▪️Պարզեցվում են ոչ ռեզիդենտ ընկերությունների (օրինակ՝ Google, Facebook և այլն) համար ԱԱՀ-ի վճարման կանոնները։
▪️Բարձրացվում է դրոշմավորման ենթակա կաթնամթերքի կորուստների թույլատրելի նորման՝ 1%-ից դառնալով 2%։
✅Ակնկալվող արդյունք
Բարձրացնել հարկային համակարգի արդյունավետությունը, նվազեցնել վարչարարության բարդությունները և ապահովել ավելի կանխատեսելի ու արդար հարկային միջավայր տնտեսավարողների համար։ Միաժամանակ, նախատեսվում է հարկային բեռի թեթևացում և գործունեության հետ կապված ընթացակարգերի պարզեցում։
✅Ներկայացվել է ևս մեկ կարևոր նախագիծ, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության շեմերի բարձրացում, քրեական վարույթների հարուցման նոր կարգավորումներ և այլ կարևոր փոփոխություններ՝ հօգուտ հարկ վճարողների։
💬Ի՞նչ է փոխվում
▪️ Սահմանվում է, որ հարկային խախտումների հիմքով քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքում, երբ հարկային մարմնի որոշումը դարձել է վերջնական, և բողոքարկման բոլոր փուլերն ավարտված են։
▪️ Բարձրացվում են հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվության շեմերը։
▪️ Ներդրվում է այլընտրանքային մեխանիզմ գույքի արգելադրման գործընթացում․ նախատեսվում է հնարավորություն արգելադրված գույքը փոխարինել համարժեք բանկային երաշխիքով։
✅ (011) 85-85-85