08/06/2020
ԲԱՐՁՐԱՑՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՐԿԵՐԸ,ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
Անհատները, տնային տնտեսությունները համարվում են ապրանքների և ծառայությունների հիմանական սպառողները, այսինքն տնտեսության կարևորագույն գործակալները, ում սպառողական վարքագծից է կախված տնտեսական ակտիվությունը, ՀՆԱ-ի աճը և այլն: Արդյունքում երկիրը կամ զարգանում է, կամ հետընթաց է ապրում, կամ «հարստանում է» կամ էլ «աղքատանում»: Յուրաքանչյուր անհատ հանդիսանում է տնտեսական գործակալ, վարում է ինքնուրույն տնտեսություն, իրականացնում է իր միջոցների (ֆինանսներ, գույք և այլն) ինքնուրույն կառավարում, եկամուտների տեղաբաշխում,որոնց մի մասն ուղղում է սպառողական ծախսերի սպասարկմանը, մի մասը՝ բարեկեցությանը, մյուս մասն ուղղում է խնայողությանը՝ հետագա բարեկեցության ապահովման նպատակով, կամ էլ ուղղում է եկամուտների դիվերսիֆիկացմանն ու ավելացմանը:
Ցանկությունները կարող են տարբեր լինել, բայց, մեծ հաշվով, բոլորն էլ նույնն նպատակն են հետապնդում՝
❇️բարեկեցիկ կյանք
❇️ապահովված և խաղաղ ծերություն
❇️ժառանգներին փոխանցվող հարստություն (երեխաների համար մի բան հետ գցել):
Այս պահանջմունքների բավարարման համար մարդիկ կատարում են ընթացիկ կամ կապիտալ բնույթի ծախսեր, կամ խնայում են վաստակած գումարների մի մասը (հետ են գցում): Ի վերջո, այդ խնայողությունները, մեծ հաշվով, ներդրվում են 3 տարբերակով՝
🔸բանկային ավանդի տեսքով
🔸արժեթղթերի ձեռքբերում
🔸գույքի ձեռքբերում։
Բանկերում ներդրված ավանդներն այդքան էլ շահութաբեր չեն․ դրանց դիմաց ստացվող տոկոսները հազիվ ինֆլյացիան են փոխհատուցում:
Հայաստանի Հանրապետությունում չկա Արժեթղթերի շուկա, այսինքն՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում խնայողությունները չեն կարող ուղղվել դրանց ձեռքբերմանը:
Հետևաբար ներդրման լավագույն ուղղությունը մնում է անշարժ գույքի ձեռքբերումը՝ հետագայում վարձակալության տալու կամ ավելի բարձր գնով վաճառելու նպատակով:
Այս ամենի համատեքստում գտնում ենք, որ մարդկանց պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ միջավայր՝ խրախուսել անշարժ գույքի ձեռքբերումը, որն էլ, իր հերթին, հանգեցնելու է շինարարության ծավալների աճին, իսկ դա, իր հերթին, ապահովելու է մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ իր հետևից տանելով ամբողջ տնտեսությունը: Ահա թե որտեղ է թաքնված տնտեսական ակտիվության ապահովման բանաձևերից մեկը:
Բացի դա մենք՝ հայերս, տարբերվում ենք աշխարհի մյուս ազգերից: Մենք գերնպատակ ենք սահմանում հարմարավետ բնակարան, տուն ու տեղ ստեղծելը, մենք ֆրանսիացիների նման 25 ք/մ բնակարան չենք ձեռքբերում և այդ բնակարանում միայն մեկ կրուասանով նախաճաշում ու շտապում աշխատանքի: Մենք ընտանիքի մեկ անդամի բացակայության դեպքում նույնիսկ սեղան չենք նստում: Կարող ենք երկար ժամանակ անոթի սպասել, ամբողջ ընտանիքով հավաքվել և միայն հետո նստել սեղանի շուրջ, իսկ մի լավ կերակուր ունենալու դեպքում սովորաբար ընկերներին, բարեկամներին, հարազատներին անպայման հրավիրում ենք, որպեսզի միասին համտեսենք կերակուրը: Սա մշակույթ է, ավանդույթ, որը ժառանգել ենք մեր պապերից: Հայ ազգի «լավ տուն ու տեղ» ստեղծելու մոլուցքը գերնպատակը եղել է, կա ու կլինի:
⁉️Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԱՅԺՄ
ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Անշարժ գույքի հարկի հաշվարկման նոր մեխանիզմի ներդրում գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հիման վրա, ինչի արդյունքում նախատեսվում է տնօրինվող Անշարժ գույքի հարկի էական բարձրացում: Ու այդ բարձրացումը պետք է լինի հրատապության ռեժիմով․ կարծես թե Կառավարությունը ժամանակ չունի սպասելու և օր առաջ պետք է բարձրացնի գույքային հարկերը:
Միշտ ասել եմ, էլի եմ կրկնում․ նոր իրավական ակտերի ընդունումը կամ դրանցում փոփոխությունների կատարումը պետք է ունենա նպատակ։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին անհրաժեշտ է չեզոքացնել կամ հնարավորինս մեղմել այդ որոշման կայացման պատճառով առաջացող հնարավոր բացասական հետևանքները:
Այժմ թվարկենք հնարավոր բացասական մի քանի հետևանքներ.
❎Շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները խիստ անհանգստացնող են․ շուկայական արժեքները կարող են անընդհատ փոփոխության ենթարկվել: Նախորդ հոդվածում անդրադարձել եմ տնտեսական պարբերաշրջաններին, ցավոք, այժմ Հայաստանի տնտեսությունը գտնվում է անկման փուլում, և ամենակարևորը՝ ոչ ոք չգիտի, թե որքան կշարունակվի այդ վիճակը։ Աշխարհում կանխատեսում են մինչև 5 տարի տնտեսական ճգնաժամի ժամանակահատված: Սպասումները բացասական են: Իսկ տնտեսական ճգնաժամերի ժամանակ անշարժ գույքի գները սովորաբար նվազում են, ու երբեք չենք կարող կանխատեսել, թե որքան կնվազեն գործարքի գները անշարժ գույքի շուկայում: Տրամաբանական հարց է առաջանում․ երբ բնակարանի շուկայական արժեքը նվազեց կադաստրային արժեքից, ի՞նչ ենք անելու: Կարծում եմ, անհրաժեշտ է դա հաշվի առնել:
❎Երբ երկրի տնտեսական պարբերաշրջանը անկման փուլում է, սովորաբար կառավարություններն իրականացնում են հակաճգնաժամային քաղաքականություն: Հակաճգնաժամային քաղաքականությունը շատ ժամանակ իրականացնում են ֆիսկալ քաղաքականության միջոցով (դրանց մասին արդեն խոսել եմ նախկինում): Ֆիսկալ քաղաքականությունը ենթադրում է հարկային դրույքաչափերի նվազում և պետական գնումների ավելացում: Ի՞նչ է ստացվում այժմ: Ստացվում է, որ մենք նորից հակառակն ենք անում, ամեն ինչում շեղվում ենք դասագրքային ճշմարտություններից, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման փոխարեն կրկին բարձրացնում ենք որևէ հարկ․ այս անգամ էլ դա անում ենք Անշարժ գույքի հարկի տեսքով: Մինչև ե՞րբ, փո՞ղ է պետք, ժողովրդին էլ է պետք: Նորից եմ ասում, չի կարելի տնտեսական ճգնաժամերի ժամանակ հարկի բարձրացում կատարել: Դա ես չեմ ասում, դա գրված է տնտեսագիտության դասագրքերում, ուշադրություն՝ տնտեսագիտության դասագրքերում:
❎Հաջորդ հնարավոր բացասական հետևանքը լինելու է երկրի բնակչության սոցիալական վիճակի ավելի վատթարացումը: Երկրի բնակչության 1/3-ը աղքատ է կամ աղքատության շեմին է: Առօրյա նվազագույն սպառողական ծախսերը հոգալ չհասցնող մարդու համար այո´, ամենափոքր հարկային բեռն էլ շատ մեծ խնդիր է: Կամ Երևանի Կենտրոն համայնքի բնակիչների 2/3 – ը թոշակառու ինտիլիգենցիան է, որ տարիների նվիրված ծառայության կամ երկարամյա վաստակի համար Խորհրդային միության ժամանակ բնակարան է ստացել, այժմ թոշակառու է, կողմնակի եկամուտ չունի և այդքան բարձր հարկ չի կարող վճարել: Կրկին բնական հարց է առաջանում․ երկրի համար հա՞րց ենք ուզում լուծել, թե՞ ցանկանում ենք Կենտրոնի բնակիչներին «ստիպել» իրենց բնակարանները վաճառել «նորաթուխ» հարստացածներին և հաստատվել Երևանի արվարձաններում, կամ էլ արտագաղթել իրենց զավակների մոտ: Սեփականության վերաբաշխման մոլուցքի հոտ է գալիս:
❎Հաջորդ խնդրահարույց դրույթն այն է,որ հեղինակները լոբինգ են անում, իբր սոցիալական արդարության սկզբունքից ելնելով, ցանկանում են գույքահարկի պրոգրեսիվ համակարգ ներդնեն: 2 տարի չի անցել, որ «կռիվ» էինք տալիս, ասում էինք եկամտային հարկի համահարթ տարբերակին մի անցեք, գործուն փոփոխություններ կատարեք: Սոցիալական արդարության սկզբունքը ենթադրում է եկամուտների վերաբաշխում՝ բարձր եկամուտ ունեցողների հաշվին, ցածր եկամուտներ ունեցողների օգտին, ոչ թե Կենտրոնում բնակարան ունեցողի հաշվին, «նորաթուխ» հարստացածների օգտին: Սկզբից ասում էիք վատ բան ե՞նք անում, եկամտային հարկն ենք նվազեցնում, հետո որոշ հարուստների եկամտային հարկի նվազեցման հաշվին կամ պատգամավորների, Կառավարության անդամների եկամտային հարկի նվազման համար, պետական բյուջեի օգուտները փոխհատուցելու նպատակով բարձրացվեցին ակցիզային հարկը, տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկը, նեղ շահերի սպասարկման համար ամբողջ հասարակության սպառումը թանկացավ, 2020թ-ից բարձրացվեցին ներկրման մաքսային տուրքերը, փորձ արվեց առողջապահական հարկի ներդրման, նորից հարկերի բարձրացման, հետո ասեցին հաշվապահներն ու իրավաբանները հարուստ են, եկեք իրանց հարկը բարձրացնենք, դա էլ չստացվեց․ հիմա էլ գույքահարկի բարձրացու՞մ:
❎Փոփոխությունը կրկին խոչնդոտելու է ներդրումների աճին և նպաստելու է կապիտալի արտահոսքին: Սփյուռքահայության գերակշիռ մասը ցանկանում է հայրենիքում բնակարան ձեռքբերել, կապիտալ հետ գցել, ստեղծել ինչ որ կացարան, ընդ որում, հատկապես Երևան քաղաքի կենտրոնում կամ մերձկենտրոնում, որտեղ անշարժ գույքը բավականին թանկ արժե: Շատ մարդիկ, սոցիալական վատ վիճակից ելնելով, մեկնել են արտագնա աշխատանքի, երազում են փող աշխատել, Հայաստանում տուն առնել ու վերադառնալ և բնակվել իրենց երկրում՝ մտածելով, որ հացի փող ոնց էլ լինի կստեղծեն, իսկ կառավարությունը այդ մարդկանց խոստացել է հայրենադարձման համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Այս նախագծով անբարենպաստ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի մարդիկ ոչ միայն հետ չգան, այլ իրենց ընտանիքն էլ տեղափոխեն Ռուսաստանի Դաշնություն կամ այլ երկիր: Իսկ կապիտալն արտահոսելու է հետևյալ կերպ․ այն մարդիկ, ովքեր խնայողությունների ներդրման ամենաարդյունավետ ու ապահով տարբերակը համարում են անշարժ գույքի ձեռքբերումը, այդ ներդրումները կատարելու են, բայց այլ երկրում: Համեմատելու են Թբիլիսիի, Բաթումիի բնակարանների ձեռքբերման գները Երևանի բնակարանների ձեռքբերման գների հետ, դրանց վարձակալությունից ստացման ենթակա եկամուտները, , գույքահարկը և այլն, և աներկբա, որոշելու են իրենց միջոցները ներդնել հարևան երկրում, Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում:
❎Ո՞րն է փոփոխության նպատակը․ անկախ տեղական բյուջե՞ն, պետական ծառայությունների որակի բարելավու՞մը, Անշարժ գույքի հարկի հարկ - ՀՆԱ հարաբերակցության մոտարկու՞մ զարգացացած երկների հետ համեամատականում, թե՞ պարգևավճարների ավելացում ամենօրյա անգործություն դրսևորող պաշտոնյաներին: Որպես հիմնավորում են վկայակոչում, որ ՀՀ-ում Անշարժ գույքի հարկ - ՀՆԱ հարաբերակցությունը 0.2 տոկոս է, իսկ ԱՄՆ-ում՝ 2.7, Ճապոնիայում 1.9, Անգլիայում 1.4 և այլն: Կրկին առաջանում են հարցեր: Իսկ որքա՞ն են նվազագույն աշխատավարձերը, միջին աշխատավարձերը, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն նշված երկրներում, ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը, աղքատության ու գործազրկության մակարդակը այդ երկրներում: Եթե համեմատական ենք անցկացնում այլ երկրների հետ, ապա խորհուրդ եմ տալիս դա անել ամբողջական շղթայով, բազմակողմանի և օբյեկտիվ վերլուծել շղթայի ցանկացած կոմպոնենտ, այնուհետ որպես օրինակ վկայակոչել: Հա´ ու նաև պետք չէ յուրաքանչյուր փոփոխության «կերակրման» համար միշտ բերել տարբեր երկրների օրինակներ, անհրաժեշտ է կողմնորոշվել, թե որ երկրի օրինակն ենք ուզում վերցնել, ինչ նպատակով, չպետք է մոռանալ սովորույթների, բարքերի ու վարքերի մասին, դրանք շատ կարևոր են: Թե չե մեկ ԱՄՆ-ի ու Արևմտյան Եվրոպայի զարգացած, հարուստ երկրների օրինակն է վկայակոչվում, մյուս դեպքում՝ զարգացող ու տնտեսական ոչ մի ցուցանիշ չունեցող, տնտեսական ցուցանիշներով, մեղմ ասած, աչքի չընկած երկրների «հաջողված» փորձն ենք վկայակոչում, ինչպես արվեց Եկամտային հարկի՝ պրոգրեսիվից համահարթ տարբերակին անցնելու ժամանակ բերված փաստարկներով:
❎Բավական երկար ժամանակ խոսվում է թալանչիների, «սև» փողերով հարստացածների, հարկերը չվճարողների մասին: Այնուամենայնիվ, հանրության շրջանում ձևավորվել է կարծիք կամ համոզմունք, որ Հայաստանում կան «սև» կապիտալի տիրապետողներ, և ենթադրում եմ՝ հանրությունն արդարացի պահանջ ունի այդ «սև» փողերի և ստվերային եկամուտների նյութականացվելուն, Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այդ միջոցների՝ իրենց նպաստը բերելուն․ այո´, անհրաժեշտ է անել հնարավորը, որպեսզի նյութականացվեն այդ միջոցները Հայաստանի Հանրապետությունում, և ոչ թե նրա սահմաններից դուրս, հարկավոր է օգուտներ քաղել այդ «սև» միջոցներց և դրանց «սպիտակեցման» համար պայմաններ ստեղծել, հակառակ դեպքում, դրանք, աներկբա, արտահոսելու են Հայաստանից, և մեր տնտեսությունը ավելի է գահավիժելու: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել «օֆշորային սև գումարները» Հայաստան բերելու համար, որպեսզի «նախկին սև փողերի տիրապետողները» հետ բերեն այդ գումարները, այլ երկրներ չտեղափոխեն: Թալանվածը ամեն գնով պետք է վերադարձնել:
❎Ցանկը երկար կարելի է թվարկել, թերևս բավարարվենք այսքանով:
‼️ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ‼️
✅Անհապաղ չեղարկել նախաձեռնությունը։
✅Հետագայում փոփոխության ենթարկել և փուլային տարբերակով իրականացնել Անշարժ գույքի հարկի արդարացի, տրամաբանված և արդյունավետ համակարգի ներդրում: Անհրաժեշտ է սկսել Խորհրդային միության փլուզման ժամանակ «կոպեկներով» սեփականաշնորհված, այժմ չգործարկված արտադրական և հասարակական նշանակության «հսկայական» գործարանների նախկին շինությունների նկատմամբ Անշարժ գույքի հարկի Էական բարձրացում, դրանով Պետությունը կիրականացնի իր կարգավորիչ ֆունկցիան՝ ստիպելով այդ շինությունների անգործունակ սեփականատերերին գործարկել այդ գործարանները, կամ փոփոխել այդ շինությունների նպատակային նշանակությունը, բայց, այնուամենայնիվ, դրանց միջոցով հավելյալ արժեք ստեղծել ի նպաստ Հայսատանի և նրա ժողովրդի, կամ էլ վաճառել դրանք այլ աշխատասեր, կարող, գործունյա անձանց:
✅Հարկի բարձրացումից առաջ, մեր երկիրը զարգացած ու հարուստ այլ երկրների հետ համեմատելուց առաջ նախ անհրաժեշտ է նվազագույն աշխատավարձը, միջին աշխատավարձը, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, աղքատության մակարդակը մոտարկել այդ երկրների վերոնշյալ ցուցանիշներին: Այլևս հարկի բարձրացում չառաջարկել մինչև սոցիալական վիճակի էական բարելավումը, աղքատության և գործազրկության կրճատումը, կենսաթոշակների էական ավելացումը:
✅Եթե անհրաժշտ եք համարում հարկել այն մի քանի նախկին կամ ներկա օլիգարխների գույքերը, ապա «Շքեղության հարկ» սահմանեք, ոչ թե 50 անձի պատճառով ամբողջ ազգի գլխին բեռ սահմանեք:
✅Գտնում ենք,որ պրոգրեսիվ հարկման համակարգը ՀՀ-ում պետք է կիրառվի եկամտային և շահույթային հարկերի դեպքում․ գույքային հարկերի դեպքում դա անընդունելի է:
✅Բարելավեք Պետության մատուցած ծառայության վիճակը․ թվում է, թե գույքը կորցնելու վտանգի դիմաց ծառայության մատուցմանն գինն այլ է՝ որքան բարձր է գույքի արժեքը, այնքան մեծ է ծառայության ծավալը: Վերջերս մեծ տարածում գտած տրանսպորտային միջոցների պետհամարանիշների գողության համար հաղորդում է տրվում ոստիկանություն, քիչ է չեն կարողանում բացահայտել, մի բան էլ տրանսպոտային միջոցի սեփականատիրոջը պարտադրում են, որ կրկին վճարի եվ նոր պետհամարանիշ ձեռք բերի՝ առնվազն ծառայության ոչ պատշաճ և ոչ լրիվ ծավալով մատուցելու դիմաց։ Որպես պատասխանատվության միջոց անհրաժեշտ էր այդ պետհամարիշները վերաթողարկել և առանց լրացուցիչ գանձումների հատկացնել տուժած սեփականատիրոջը:
Ասածս ինչ կցուցանե, բարելավե´ք ծառայությունների որակը, վերականգնե´ք վստահությունը, նոր դրա դիմաց վճար՝ հարկ պահանջեք:
Աուդիտորների Պալատի նախագահ՝
Նաիրի Սարգսյան