23/06/2023
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 81 կողմ և 0 դեմ ձայնով ԱԺ կողմից ընդունվեց Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները (մաս 1)
Բացառությամբ մի քանի հոդվածների՝ բոլոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2 ամիս հետո։
Իսկ թե ինչ փոփոխություններ են կատարվել՝ ստորև
• Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալը։
• Գործատուն կկարողանա կենսաթոշակառուների հետ կնքել պայմանագիր անորոշ ժամկետով, ի տարբերություն գործող կարգավորման, որով սահմանվում է, որ այդ անձանց հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով։
• Կրճատվել են մինչև 18 տարեկան անձանց աշխատաժամանակի տևողությունները, միաժամանակ սահմանվել է, որ մինչև 18 տարեկան անձինք կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։
• Ընդլայնվել են երեխա ունեցող աշխատողների իրավունքները (1. հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը, այլ նաև մինչև երկու, 2. սահմանվել են իրենց կարգավիճակով պայմանավորված՝ կանանց տրամադրվող ընդմիջումների օգտագործման ճկուն մեխանիզմներ)։
• Վերանայվել են արձակուրդի կարգավորումները՝
- եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, ապա գործատուն այն տրամադրում է առանց աշխատողի դիմումի.
- նախատեսվել է օրենսգրքով սահմանված ժամկետներում ամենամյա արձակուրդը աշխատողին չտրամադրելու դեպքում գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու կարգավորում.
- ամրագրվել է, որ կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի 6 ամիսը լրանալը.
- մինչև 2 տարի ժամկետով ուսումնական արձակուրդ ձևակերպելու հնարավորություն է տրվում՝ աշխատատեղը պահպանելով։
• Աշխատանքային պայմանագրում նախատեսվում է պարտադիր ներառել նաև գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները։
• Նախատեսվել է փորձնակության (internship) ինստիտուտը, որը կնպաստի ուսումնական հաստատություններում սովորող կամ այդ հաստատությունները նոր ավարտած (ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում) անձանց աշխատանքային փորձառություն ձեռք բերելուն։
• Լրացվել են աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, գործատուն կկարողանա լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե՝
1. աշխատողի կողմից աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու հետևանքով վտանգվել է անձանց կյանքն ու առողջությունը,
2. աշխատողը անօրինական օգտագործել է գործատուի համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը։
• Գործատուին հնարավորություն է տրվում նաև արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց բացառիկ դեպքերի առկայության, եթե աշխատողը տվել է իր գրավոր համաձայնությունը։
• Աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները ճկունացվել են՝ պայմանագիրը կարող է լուծվել աշխատանքից ազատվելու մասին դիմումում նշված ժամկետում՝ չպահպանելով Աշխատանքային օրենսգրքով սահմանված նախապես ծանուցման 30-օրյա ժամկետները, իսկ պայմանավորվածությունները չպահպանելու դեպքում գործատուին վճարել տուժանք։