16/10/2012
Եվս 1756 ընտանիք կբնակվի «Գլենդել Հիլզի» կառուցած բնակարաններում. Գյումրիում շահագործման հանձնվեցին նորակառույց Մուշ 2 և Անի թաղամասերում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար կառուցված բնակարանները: Ընդհանուր առմամբ կառուցվել է 38 շենք` առնվազն 9 բալ սեյսմակայունությամբ: Բնակարանաշինության պետական ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստման համաձայն, որպես պետական-սոցիալական ծրագիր: Բնակարաններն անօթևաններին հանձնելուց առաջ Հանրապետության ղեկավարը շրջեց թաղամասում, անձամբ ծանոթացավ պայմաններին և շնորհավորեց նրանց: Նորակառույց թաղամասը շահագործման է հանձնվում անհրաժեշտ ենթակառուցվածքներով՝ ասֆալտապատված, կանաչապատված, լուսավորության, ջրամատակարարման-ջրահեռացման, գազամատակարարման համակարգերով, կանաչապատված և հագեցած խաղահրապարակներով: Առկա են հասարակական նշանակության տարածքներ: Բնակարանների պատերը ներկվել են՝ առաջարկվող գույներից շահառուների ընտրությամբ: Բնակարաններն ամբողջովին պատրաստ են բնակության համար. հատակը լամինապատ է, տեղադրված են փայտյա դռներ, սալիկապատված է, տեղադրված է գազի կաթսա, գազօջախ, սանիտարական տեխնիկա: Շահագործման հանձնելուց հետո բնակարանները 1 տարվա ընթացքում կգտնվեն երաշխիքային սպասարկման ներքո, արտաքին բարեկարգման և ասֆալտապատման երաշխիքային սպասարկումը կիրականացվի 2 տարվա ընթացքում: «Մենք ուրախ ենք և հպարտ, որ հատկապես մեր ընկերությանն է վիճակվել իրականացնելու անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր, ամենամասշտաբային բնակարանաշինական ծրագիրը: Այն իրականացրել ենք առավել մեծ պատասխանատվությամբ, քանի որ անօթևան ընտանիքների համար է, որոնք մոտ 24 տարի ապրել են տնակներում` զրկված լինելով կենցաղային ամենատարրական պայմաններից: Նոր բնակարաններում ապահովված են բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանները»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Գլենդել Հիլզ» ՓԲԸ Գյումրիի տարածքի պատասխանատու Միքայել Ներսիսյանը: Ծրագրի մեկնարկը տրվել է 2008թ., բնակարանաշինության առաջին փուլում բնակարան են ստացել և արդեն նորակառույց թաղամասում են բնակվում ևս 1056 ընտանիքներ: 15.10.2012 թ.