29/01/2021
Հայաստանի ապահովագրական շուկան ձևավորվել և սկսել է զարգանալ 1996 թվականի, նոյեմբերի 19-ին «Ապահովագրության մասին» առաջին օրենքն ընդունելուց հետո։ Օրենքը մեծ դեր խաղաց ապահովագրական ոլորտի արագ զարգացման և կայունացման մեջ: 2000 թվականի դրությամբ երկրում գործում էին 25 լիցենզավորված ապահովագրական ընկերություններ։ Շուկայի կարգավորումն այդ ժամանակահատվածում իրականացնում էր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ, 2006 թ. հունվարի 1-ին այդ գործառույթի իրականացումն անցավ Կենտրոնական բանկին։ ԿԲ-ն ապահովագրական գործընթացին առնչվող որոշումները վերահսկելու քայլեր ձեռնարկեց և ընդունեց ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտեր։ ՀՀ օրենսդրական դաշտը կարգավորվելուց հետո ապահովագրական ընկերությունների թիվը սկսեց նվազել՝ աստիճանաբար հասնելով մինչև 6 ապահովագրական ընկերության։
Ապահովագրական ոլորտը ՀՀ-ում բուռն զարգացում ապրեց ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգը ներդնելուց հետո։ ՀՀ Կենտրոնական բանկը, ԱՊՊԱ համակարգի ներդրման, վերահսկման և սպասարկման համար հիմնադրեց Ավտոապահովագրողների Բյուրոն, որը նպաստեց ոլորտի արագ զարգացմանը, ինչպես նաև շահառուների (մեքենաների սեփականատերերի, վարորդների և այլն) մոտ առաջացող խնդիրների արագ լուծմանը։ ԱՊՊԱ համակարգը մարդկանց ապացուցեց իր շահավետությունը, արդյունավետությունը և լուրջ սոցիալական խնդիրների լուծման հարցում իր առանցքային դերը: Պարտադիր ապահովագրությանը համակարգը ներդնելուց հետո ՀՀ քաղաքացիները սկսեցին հետաքրքրվել և օգտվել նաև ապահովագրության կամավոր տեսակներից, այդ թվում ՝ ճամփորդության, առողջության, բնակարանների, դժբախտ պատահարների, ԿԱՍԿՈ և այլ ապահովագրության տեսակներ։
2021թ. դրությամբ ՀՀ-ում գործում են թվով 6 ապահովագրական ընկերություններ` «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ, «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ, «Ռեսո» ԱՓԲԸ, «Ռոսգոսստրախ - Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ։ Նշված կազմակերպությունները տրամադրում են պարտադիր և կամավոր ոչ կյանքի ապահովագրական պրոդուկտներ, մասնավորապես`
• ԱՊՊԱ, ԱՊԿԱ
• առողջության ապահովագրություն,
• դժբախտ պատահարներից ապահովագրություն,
• տրանսպորտային փոխադրամիջոցների ապահովագրություն կամ ԿԱՍԿՈ,
• գույքին հասցված վնասներից ապահովագրություն,
• բեռների ապահովագրություն,
• պատասխանատվության ապահովագրություն,
• ֆինանսական վնասների ապահովագրություն,
• ճամփորդության կամ աջակցության ապահովագրություն, և այլն։
ԱՊՊԱ համակարգը ներդնելուց հետո՝ 2011-ից սկսած մինչ այժմ, ապահովագրական շուկայում ապահովագրության ամենապահանջված տեսակներն են՝
1. ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը – ԱՊՊԱ,
2. առողջության ապահովագրությունը,
3. հրդեհից, բնական աղետներից և գույքին հասցված այլ վնասներից ապահովագրությունը,
4. ցամաքային տրանսպորտի ապահովագորություն – ԿԱՍԿՈ։